Լիտվայում սահմանափակել են ռուսական հաղորդումներ հեռարձակող կայքերի հասանելիությունը
Լիտվայում սահմանափակել են ռուսական հաղորդումներ հեռարձակող վեց կայքի հասանելիությունը: Այդ մասին հայտնում է Sputnik Լիտվա-ն՝ վկայակոչելով հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հարցերով լիտվական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Վիլնյուսի շրջանային դատարանը թույլ է տվել գերատեսչությանը պարտադիր հրահանգներ տրամադրել ցանցային ծառայությունների մատակարարներին՝ հեռուստատեսային հաղորդումներ տարածող կայքերի տեղեկատվության հասանելիության սահմանափակման համար:
Նշվում է, որ օրենքի համաձայն՝ հանրապետության բնակչության համար համացանցում հեռուստատեսային ծառայություններ տրամադրել ցանկացողները պետք է թույլտվություն ստանան հանձնաժողովից: Այդ հրամանագիրը խախտելու դեպքում գերատեսչությունն իրավունք ունի սահմանափակել ռեսուրսի հասանելիությունը:
Ավելի վաղ հանձնաժողովը դադարեցրել է Լիտվայում «РТР-Планета» ռուսական հեռուստաալիքի հեռարձակումը:










