Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են տուգանքները, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, որոշումից դժգոհություններ կան. Վ. Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարությունում բարձրաձայնեց, որ տուգանքների համաներման մասին իրենց որոշումից հետո եղել են նաև դժգոհություններ։
«Բարեխիղճ քաղաքացիները, ովքեր վճարել են, ասում են՝ վերադարձրեք մեր գումարները, տարբեր կարծիքներ կան համացանցում, հիմա պետք է մենք փորձենք, բացատրենք եղելությունը, մեր կայացրած այս որոշման հետևանքները»,-ասաց նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց կայացնել հավասարակշռված որոշում և քննարկել։ «Ենթադրվում է, որ կան լուծումներ, այո, բարեխիղճ քաղաքացիները վճարել են, շատ-շատերը չեն վճարել, որովհետև, մեծ հավանականությամբ, չեն ունեցել»,-ասաց նա:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ ինքը ևս վճարել է: «Ես էլ եմ վճարել, դո՞ւք էլ եք վճարել, պարոն Օսիպյան»,-ասաց նա, և միայն ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախկինում չի վճարել:
«Բայց որոշել է քաղաքական իրավիճակի փոփոխություններից հետո վճարել»,-կատակեց Նիկոլ Փաշինյանը։










