Յակուտիայում տղամարդը գնդակահարել է 5 հարևանի ու ինքնասպան եղել
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Սախա-Յակուտիայի Հանրապետությունում տղամարդը որսորդական հրացանից գնդակահարել է 5 մարդու, ինչից հետո ինքնասպանություն է գործել։ Այս մասին հաղորդում է УНИАН-ը։
Դեպքը տեղի է ունեցել Բուլգուննյախտախ համայնքում։ Տեղի բնակիչ Ալեքսանդր Նովիկովը դուրս է եկել տնից և կրակ բացել անցորդների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է կին և երեխա։ Կրակոցի ձայներից փողոց շտապած հարևանը նույնպես դարձել է գնդակի զոհ։ Մյուս սպանվածները նույնպես Նովիկովի հարևաններն են։
Գյուղի բնակիչները պատմել են, որ տղամարդն այստեղ է բնակություն հաստատել 2008-ից։ Նրան համարել են տարօրինակ, քանի որ վերջինս գրեթե ոչ ոքի հետ չէր շփվում, ապրում էր փակված պատուհաններով տանը։ Դրա հետ մեկտեղ՝ Նովիկովը երբևէ ագրեսիա չի դրսևորել։










