«Գահերի խաղի» աստղը նկարահանվել է «շաբլոնային» ֆոտոսեսիայում՝ հանդես գալով գործարար կնոջ կերպարով (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որին հայտնիություն է բերել «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենի դերը, նկարահանվել է Vanity Fair ամսագրի ֆոտոսեսիայում՝ գովազդների ու նկարազարդումների համար նախատեսված «շաբլոն» լուսանկարներում հանդես գալով բիզնես-լեդիի կերպարով:
Ֆոտոսեսիային նվիրված տեսահոլովակում դերասանուհին, պահպանելով դեմքի լուրջ արտահայտությունը, պնդում է, որ «շաբլոնային» լուսանկարներն իր կյանքում տեղի ունեցած «ամենակարևոր բանն են», և ասել է, որ նկարահանումներին մասնակցելու շնորհիվ ինքը «նոր մակարդակ» է սահմանել իր համար:
«Հավանաբար, ամենաշատը հայտնի եմ «Գահերի խաղով», նաև գոյություն ունի, գիտեք, այն ֆիլմը Հան Սոլոյի մասին, որը վերջերս է էկրաններ դուրս եկել: Սակայն ես համոզված եմ, որ «շաբլոնային» լուսանկարները հենց այն են, ինչի շնորհիվ ինձ երբեք չեն մոռանա», - ասել է դերասանուհին:
Ամսագրի հաղորդմամբ՝ ֆոտոսեսիայի ընթացքում Քլարկի ընդունած կերպարներից են բիզնես-լեդի Բարբարան ու գլխավոր տնօրեն Սալին, որը «գրաֆիկներ ու դիագրամներ է սիրում»:


















