Եղել է ներքին ինֆորմացիա, որ Սամվել Բաբայանն ազատ կարձակվի, անգամ շորերն էինք բերել. Անդրանիկ Թևանյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ավետիս Քալաշյանը:
Նշենք, որ ավելի ուշ Սամվել Բաբայանի համախոհները տեղեկություն տարածեցին, որ Սամվել Բաբայանն ազատ է արձակվելու՝ նրա խափանման միջոց կալանքը փոխվելու է:
Այնուհետև ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը հերքեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի ազատ արձակման լուրը՝ նշելով, որ երեք բողոք է ստացվել և որոշում է կայացվել այդ երեք բողոքները վարույթ ընդունելու մասին:
Իսկ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությանը կանդրադառնան այն ժամանակ, երբ նիստ անցկացվի:
Սամվել Բաբայանի խափանման միջոցը չփոխելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից հետո «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ԱԱԾ անցագրային բյուրոյի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանն ընթացք չի տրվել:
«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել վճռաբեկ բողոքը, սակայն, հաշվի առնելով նախադեպային որոշումները, մենք ենթադրում էինք, որ Սամվել Բաբայանը ազատ կարձակվի: Հաշվի առնելով որոշակի անալոգիաները, նույն առաջին ատյանի դատարանի նախադեպային որոշումները՝ մենք ենթադրում էինք, որ անմիջապես բավարարվելու է խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը: Սակայն Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ գործի քննությունից առաջ չի ապահովելու խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը»,-ասաց Թևանյանը:
Դիտարկմանը, թե գուցե իրենք՝ Սամվել Բաբայանի համախոհներն առաջ են ընկել իրավական գործընթացներից, Թևանյանն ասաց, որ եթե վարույթ են ընդունում, ուրեմն քննարկում է եղել, իսկ եթե դա եղել է, ապա միջնորդության վերաբերյալ պետք է որոշում կայացվեր:
Հարցին, թե ինչի հիման վրա են հայտարարել, որ Բաբայանն ազատ կարձակվի, Անդրանիկ Թևանյանն ասաց.
«Եղել է տրամաբանություն և ներքին ինֆորմացիա, որ Բաբայանն ազատ կարձակվի: Հիմա շատ բաներ չասեմ, բայց անգամ Սամվել Բաբայանի շորերն էինք բերել»:
Թևանյանի խոսքով՝ երեկ ևս հայտարարվել է, որ քաղբանտարկյալների հարցը պետք է քննարկվի և լուծում տրվի, սակայն Վճռաբեկ դատարանի այս քայլը ենթադրում է, որ այդ դատարանը մնացել է «հին Հայաստանում»:
Tert.am-ի դիտարկմանը, թե Սամվել Բաբայանի համախոհներն անընդհատ նշում են «քաղբանտարկյալ» բառը, սակայն Բաբայանն այնուամենայնիվ չի հայտարարել, որ ինքը քաղբանտարկյալ է, Անդրանիկ Թևանյանն ասաց. «Սամվել Բաբայանը դատարանի դահլիճում բառացի հայտարարել է, որ պատվեր է կատարվել իր դեմ, և պատվիրատուն մեկն է»:
Tert.am-ի հարցին, թե Բաբայանն ասել է՝ պատվեր է կատարվել, բայց չի ասել, որ ինքը քաղբանտարկյալ է, համաձա՞յն է իրենց այդ ձևակերպման հետ, Թևանյանն ասաց. «Սամվել Բաբայանը քաղաքական գործիչ է, եթե իր դեմ պատվեր են կատարում, պարզ է , որ դա քաղաքական հարց է: Բոլոր տրամաբանական շղթաներով Բաբայանը քաղբանտարկյալ է, և ինքը համամիտ է դրա հետ»:
Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այդ մասին առաջիկայում կտեղեկացնեն:
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:
ՀՀ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի և «Իգլա»-ի գործով ևս երկու ամբաստանյալի՝ Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի դատավճիռները թողել է օրինական ուժի մեջ։ Ներկայացվել է վճռաբեկ բողոք:










