Աբխազական երկաթուղային ճանապարհի հարցը չի քննարկվել. Աբաշիձեն՝ Կարասինի հետ հանդիպման արդյունքներով

17:39 • 25.05.18

Պրահայում կայացել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի 13-րդ հանդիպումը:

«Մենք կարևոր խնդիր ենք լուծել, կշարունակենք շարժվել առաջ: Մենք հետաքրքրված ենք նրանով, որ իրագործենք Ռուսաստանի և Վրաստանի կառավարությունների միջև մաքսային վարչարարության և ապրանքների առևտրի մոնիթորինգի մասին 2011 թվականի համաձայնագիրը: Երկաթուղու հարցը (Աբխազիայի-Tert.am) ընդհանրապես չի դիտարկվել՝ ո՛չ «Ռուսական երկաթուղիներ»-ի, ո՛չ դեսպանատան համատեքստում»,- ասել է Գրիգորի Կարասինը Պրահայում հանդիպման արդյունքներով, փոխանցում է eadaily.com-ը:

Իր հերթին, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն «Эхо Кавказа» ռադիոյին ասել է, որ Աբխազիայով և Հարավային Օսիայով առևտրային միջանցքների բացման ուղղությամբ կոնկրետ ամսաթվերը դեռ չեն քննարկվել:

«Կոնկրետ ամսաթվեր դեռ չկան: Մենք այժմ անցնում ենք իրագործման փուլին: Այս ամբողջ ընթացքում մենք պատրաստվել ենք, եղել է նախապատրաստական ժամանակահատված, պատրաստել ենք համապատասխան պայմանագրեր: Ընդհանուր առմամբ, դա ոչ սովորական նախագիծ է, նման նախադեպ փաստացիորեն չի եղել, այդ պատճառով դա երկար ժամանակ է պահանջել և՛ մեզ մոտ, և՛ Ռուսաստանի, բայց այժմ ռուսական կողմը ստորագրել է պայմանագիրը, և կան նախանշաններ հաջորդ փուլին՝ արդեն համաձայնագրի իրականացմանն անցնելու համար»,- ասել է Աբաշիձեն:

Նրա խոսքով՝ այժմ գլխավոր հարցը քաղաքական կամքն է՝ համաձայնագրի բարեխիղճ իրականացման համար:


Ռուսաստանն օրերս շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրել է շվեյցարացի դիտորդների կողմից Աբխազիայով և Հարավային Օսիայով բեռների տեղափոխումը մոնիթորինգի ենթարկելու մասին հատուկ պայմանագիրը: Իսկ Վրաստանը նմանատիպ պայմանագիր է կնքել նույն ընկերության հետ դեռ դեկտեմբերին: Այդ համաձայնագիրը նախատեսում է Ռուսաստանից Աբխազիայով և Հարավային Օսիայով Վրաստան և Հայաստան «առևտրային միջանցքների» ստեղծում։