«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի համար մեղադրել են Կեմերովոյի ԱԻ վարչությանը
Ռուսաստանում քննիչները քրեական գործ են հարուցել Արտակարգ իրավիճակների նախարարության Կեմերովոյի մարզի գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Մամոնտովի և նույն վարչության վերահսկողության բաժնի պետ Գրիգորի Տերենտևի դեմ՝ անփութության համար, որի հետևանքով «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով մահացել է 60 մարդ: Այս մասին Lenta.ru-ին հաղորդել է ՔԿ-ի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հետաքննությունը վարում են ՌԴ քրեական օրենսգրքի 293 («Անփութություն») և 160 («Զեղծարարություն») հոդվածներով:
Քննության տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում Մամոնտովը և Տերենտևը չեն պլանավորել ու չեն իրականացրել հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանության ստուգում «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում:
Դրանից բացի՝ պարզվել է, որ 2015 թվականի հունիսից 2018 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում Մամոնտովը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, 1.8 միլիոն ռուբլի է գողացել, որը պատկանում էր իր վարչությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Մամոնտովը ձերբակալվել է, իսկ Տերենտևի հետ կապված քննչական գործողություններ են իրականացվում: Մոտ ժամանակներս քննիչները մտադիր են դատարան դիմել՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի հետևանքով զոհվել է 60 մարդ, մեծ մասը՝ երեխաներ:










