Կիլաուեա հրաբխի ժայթքումը շարունակվում է. Հավայիների բնակիչներն ուղղաթիռներով կտարհանվեն (լուսանկարներ)
Հավայան կղզիներում արդեն չորրորդ շաբաթն է՝ ակտիվ ժայթքում է Կիլաուեա հրաբուխը, որի խառնարանից բացվել է շիկացած լավայի երրորդ հոսքը, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը պատրաստվում է ուղղաթիռներով տարհանել վտանգի գոտում գտնվող բնակիչներին: Ժայթքման պահին լավայի շիթերը հասնում են մինչև 70 մ բարձրության:
Հայտնի է, որ լավան շարժվում է առաջ՝ իր ճանապարհին «կուլ տալով» տներ, շինություններ ու կանաչ տարածքներ:
Մինչ այս, արդեն տարհանվել է 2000-ից ավելի մարդ: Եվ չնայած, որ հրաբխի հետևանքով տարհանվել են հազարավոր մարդիկ, զբոսաշրջիկները չեն շտապում անհանգստանալ ու հրաբխային մոխրի ահռելի ամպի ֆոնին շարունակում են վայելել հանգիստը:
Հավելենք, որ Կիլաուեան աշխարհի 10 ամենաակտիվ հրաբուխներից է: Այն սկսել է ժայթքել տարածաշրջանում տեղի ունեցած մի քանի երկրաշարժերի ֆոնին:

















