Վարչապետն ինձ ներկայացրել է ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման հիմքերը, գտնում եմ, որ նա ճիշտ է. Մ. Հակոբյան

12:50 • 25.05.18

Գրագետ սպա, որին պետք է աջակցել, որ իր նոր և դժվարին պաշտոնում արագ կարողանա իր լիազորություններն իրականացնել: ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ զրույցում այս խոսքերով բնութագրեց այդ պաշտոնում իրեն փոխարինած Արտակ Դավթյանին:

Պատասխանելով հարցին, թե որն է իր փոխարինման պատճառը՝ նա ասաց. «Պարոն վարչապետն ինձ ներկայացրել է իր որոշման հիմքերն ու պատճառները, ես բավարարված եմ և գտնում եմ, որ ճիշտ է կատարել»։

Հարցին, թե, այսինքն՝ ճի՞շտ է արել, ազատելու պատճառը ո՞րն է, Մովսես Հակոբյանը կրկնեց՝ ներկայացրել է հիմքերը, և դրանք իրեն լրիվ բավարարել են:

Իսկ հանրությանը տեղյակ պահելու անհրաժեշտություն Մովսես Հակոբյանը չի տեսնում, միայն ասաց, որ տեղավորվում է, ինչպես ինքը ձևակերպեց, այն քաղաքականության մեջ, որը վարում է վարչապետը՝ պաշտոնատար անձանց նոր շունչ տալու համատեքստում:

Հարցին, թե դրանից կարելի՞ է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի և Մովսես Հակոբյանի՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում աշխատաոճերը չէին համընկնում, Մովսես Հակոբյանը պատասխանեց. «Ես ԳՇ պետի պաշտոնից ազատվելուց հետո նշանակված եմ կառավարությունում ռազմական գծով գլխավոր տեսուչ, որը զբաղվելու է Զինված ուժերով: Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ հասկանալի է»:

Իսկ նոր պաշտոնում իր պարտականությունը, ըստ Մովսես Հակոբյանի, լինելու է Զինված ուժերում ռազմական պոտենցիալի և մարտունակության բարձրացումը: