ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը կոչ են արել Ռուսաստանին ստանձնել Boeing-ի աղետի համար պատասխանատվությունը
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ռուսաստանին ստանձնել MH17 չվերթի աղետի պատասխանատվությունը, հայտնում է meduza.io-ն: Համապատասխան հայտարարություններով են հանդես եկել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նրանք Մոսկվային կոչ են արել նաև լիարժեք համագործակցել միջազգային քննչական խմբի հետ, որը շարունակում է Boeing-ի վթարի հետաքննությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիդեռլանդների և Ավստրալիայի իշխանությունները պաշտոնապես մեղադրել են Ռուսաստանին Դոնեցկի մոտակայքում 2014 թվականի հուլիսի 17-ին մալայզիական Boeing ինքնաթիռի կործանման համար:
Միջազգային քննչական խումբը պարզել է, որ «Բուկ» զենիթահրթիռային համալիրը, որից ենթադրաբար Ուկրաինայի արևելքում կործանվել է մալայզիական ինքնաթիռը, պատկանել է ռուսական զինված ուժերին:
Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող մալայզիական Boeing 777-ը կործանվել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում՝ Դոնեցկի երկնքում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են:










