«Ջոնսոնը դիվանագիտորեն էր խոսում». ռուս պրանկերը մանրամասներ է ներկայացրել «Նիկոլ Փաշինյան»-Բորիս Ջոնսոն հեռախոսազրույցից (տեսանյութ)
Ռուս պրանկեր Վլադիմիր Կուզնեցովը (Վովան), որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ, «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը պատմել է տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասների մասին։
«Խոսակցության ժամանակ Ջոնսոնը դիվանագիտորեն էր խոսում, կարծում եմ՝ այն պատճառով, որ Հայաստանի վարչապետը նրան ծանոթ չէր, և նա հստակ չէր հասկանում, թե ինչպես իրեն պահի նրա հետ. նա կլինի Ռուսաստանի օգտին, թե դեմ: Մենք խոսեցինք 20 րոպե, քննարկեցինք Սկրիպալների գործը, Սիրիան, Իրանի հարցով միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը և վերջում մեր խոսակցությունը վերածեցինք շոուի»,- պատմել է Կուզնեցովը:
Պրանկերը պատմել է, որ նրանք կատակներ են արել Ջոնսոնի հետ՝ հիմնականում «բոլոր գործերին Ռուսաստանի միջամտության առնչությամբ բրիտանացիների ֆիքսվածության» շուրջ:
«Մենք որոշեցինք կատակներ անել դրա վերաբերյալ, և պատմեցինք Բորիսին, որ իբր Քսենիա Սոբչակը ժամանել է Մեծ Բրիտանիա և լեյբորիստներին նախագահ Պուտինից գումարներ բերել՝ ի հակակշիռ Թերեզա Մեյին: Նա դա լուրջ ընդունեց՝ ասելով, որ դա կարևոր տեղեկատվություն է և նա այն կփոխանցի հատուկ ծառայություններին: Այդ ժամանակ, ամեն ինչ կրկեսի վերածելու համար, մենք նրան ասացինք, որ Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյին Լեհաստանում նույնպես թունավորել են, բայց նա իր հետ հակաթույն է ունեցել՝ «Օպոխմել» անունով: Ջոնսոնը մի քանի անգամ կրկնեց այդ անունը, հասկացավ, որ մի բան այն չէ, և լռեց»,- պատմել է Կուզնեցովը:
Նրա խոսքով՝ Ջոնսոնի հետ նրանք կապվել են Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի տեղակալ Ալան Դունկանի օգնությամբ:
«Մենք նախ կապվեցինք Ջոնսոնի տեղակալի՝ Ալան Դունկանի հետ, խնդրեցինք մեզ համար Բորիսի հետ զրույց կազմակերպել, մի քանի օրից հեռախոսազրույցը տեղի ունեցավ: Մենք հիանալի առիթ ունեինք՝ Հայաստանի նոր վարչապետ, որևէ դիվանագիտական հարաբերություններ դեռ հաստատված չեն, ահա մենք որոշեցինք սկսել ինքներս դրանք հաստատել»,- հավելել է Կուզնեցովը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուս հայտնի պրանկերներ Վովանը (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին:
«Փաշինյանի» հետ զրույցի սկզբում Ջոնսոնը շնորհավորել է նրան խաղաղ ցույցերի միջոցով իշխանափոխության հասնելու համար և հիացմունք հայտնել:
Զրույցից հասկանալի է, որ հեռախոսազանգը տեղի է ունեցել Սոչիում ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ, քանի որ պրանկերը Փաշինյանի անունից նշում էր, որ երկուշաբթի հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այնուհետև Ջոնսոնը խորհուրդներ է տվել, թե ինչպես ավելի լավ կլինի շփվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:










