Արքայազն Ուիլյամն Իսրայել պաշտոնական այցի ընթացքում կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ
Մեծ Բրիտանիայի արքայազն, Քեմբրիջի դուքս Ուիլյամը հունիսին կայցելի Մերձավոր Արևելքի երկրներ՝ այդ թվում Իսրայել, գրում է dailymail.co.uk-ը։ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արդեն հայտնել են ամսաթիվը։
Արքայազն Ուիլյամի այցը կսկսվի հունիսի 24-ին, նա նախ կայցելի Հորդանանի մայրաքաղաք Ամման, հունիսի 25-ի երեկոյան կմեկնի Թել Ավիվ։ Սա կլինի բրիտանական թագավորական ընտանիքի անդամի առաջին պաշտոնական այցն Իսրայել, որը կտևի 2 օր։ Արքայազնը կայցելի նաև Երուսաղեմ, իսկ հունիսի 27-ին կարճատև այց կկատարի Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ռամալլահ քաղաք։
Քեմբրիջի դքսուհին չի ուղեկցի ամուսնուն այցի ժամանակ և կմնա երեխաների հետ Մեծ Բրիտանիայում։
Անցյալ տարի թագավորության ԱԳՆ-ն չեղարկել էր արքայազն Չարլզի այցն Իսրայել՝ արաբական աշխարհի բացասական արձագանքի հետ կապված մտավախություններից ելնելով։
Հիշեցնենք, որ օրերս Իսրայելում տեղի է ունեցել ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխումը, ինչը լուրջ բախումների մեկնարկի պատճառ է դարձել Գազայի գոտում։ Պաղեստինցի ցուցարարների և իսրայելցի ուժայինների բախումների հետևանքով զոհվել է մոտ 60 մարդ։










