Թրամփը չեղարկեց Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը, քանի որ վախենում էր, որ նա իրենից առաջ կչեղարկեր գագաթնաժողովը. NBC
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վախենում էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն իրենից առաջ կչեղարկի իրենց սպասվող հանդիպումը, և այդ պատճառով որոշել է առաջ անցնել Հյուսիսային Կորեայի առաջնորդից, հայտնում է NBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ գագաթնաժողովը չեղարկելու մասին որոշումը, որը պետք է տեղի ունենար Սինգապուրում հունիսի 12-ին, անսպասելի է եղել Սպիտակ տան վարչակազմի համար:
«Դեռ երեկ ոչ մի բան չէր ակնարկում այն մասին, որ դա (գագաթնաժողովի չեղարկումը) տեղի կունենա»,- ասել է աղբյուրը, որը զբաղվել է երկրների առաջնորդների անձնական հանդիպման պատրաստությամբ:
NBC-ի տեղեկություններով՝ գագաթնաժողովը չեղարկելու մասին որոշումը պետքարտուղար Մայք Պոմպեոյի բացասական արձագանքին է արժանացել, որն այս տարի երկու անգամ մեկնել է Փհենյան՝ Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ բանակցությունների համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հունիսի 12-ին Սինգապուրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կայանալիք պատմական հանդիպումը:
Այսօր հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստ է ցանկացած պահի, ցանկացած ձևաչափով Միացյալ Նահանգների հետ բանակցություններ անցկացնել։ Այդ մասին ասել է Հյուսիսային Կորեայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Կիմ Կե Հվանը:
«Մենք ԱՄՆ-ի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու ու ցանկացած ժամանակ ցանկացած ձևաչափով հարցերը լուծելու պատրաստակամություն ենք հայտնում»,-ասել է պաշտոնյան:










