Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով քննարկմանը
Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանն օտարերկրյա այլ պետությունների ղեկավարների հետ մասնակցել է «Համագործակցություն հանուն բարգավաճման․ հաջորդ հարյուրամյակի ռազմավարական պլանավորում» թեմայով կլոր-սեղան քննարկմանը։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Իր խոսքում Հայաստանի նախագահն ընդգծել է․ «Հանուն բարգավաճման համագործակցությանը պետք է միտված լինի հակամարտությունների խաղաղ կարգավորմանը և լիարժեք փոխգործակցությունը պետք է դառնան հարավկովկասյան երկրների շարժիչ ուժն ու տեսլականը»:
Նա ասել է, որ հաջորդ հարյուրամյակը Հարավային Կովկասի համար պետք է դառնա խնդիրներն անցյալում թողնելու և բաժանարար գծերը փոխշահավետ ձևով վերացնելու ժամանակահատված: Արմեն Սարգսյանի կարծիքով՝ ներկա իրողությունները և հարավկովկասյան երկրներում տեղի ունեցող զարգացումների դինամիկան թույլ են տալիս հուսալ, որ ժողովրդավարացման գործընթացները կնպաստեն տարածաշրջանի ինտեգրմանը և կայուն խաղաղության հաստատմանն ու տնտեսական վերելքին:
Հայաստանի նախագահը վստահ է, որ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել համագործակցությանը խոչընդոտող ոչ միայն տնտեսական, քաղաքական և աշխարհաքաղաքական տարաձայնությունները, այլև՝ հաստատել հանդուրժողականության, փոխշահավետության և բարիդրացիական հարաբերություններ բոլոր ոլորտներում։










