Իռլանդիայում քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել հղիության արհեստական ընդհատումն օրինականացնելուն
Իռլանդիայում կայացած հանրաքվեի ժամանակ քաղաքացիների մեծամասնությունը կողմ է արտահայտվել հղիության արհեստական ընդհատումն օրինականացնելուն, այս մասին գրում է The Irish Times պարբերականը։
Ըստ նախնական տվյալների, այսպես կոչված, Սահմանադրության ութերորդ ուղղման չեղարկման օգտին է քվեարկել իռլանդացիների 68 տոկոսը։ Հղիության արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքի չեղարկմանը դեմ է եղել քաղաքացիների ընդամենը 32 տոկոսը։
Ընդ որում՝ հղիության արհեստական ընդհատմանը դեմ անձանց մեծ մասը 50-64 տարեկան անձինք են։ Այս խմբի ներկայացուցիչների 37 տոկոսը շարունակում է դեմ լինել նման բժշկական միջամտությանը։
Մինչդեռ 18-24 տարեկան երիտասարդների 87 տոկոսը կողմ է, որ հղիության արհեստական ընդհատումը երկրում դառնա օրինական։
Հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Իռլանդիան Եվրոպայի ամենապահպանողական երկրներից է, որտեղ մինչ օրս արգելված են հղիության արհեստական ընդհատումները։










