Այսօր նման մեծ մարդիկ չկան. հանդիպեցին ՀՀ 1918-1921 թթ․ պետական գործիչների ժառանգները

16:14 • 26.05.18

Այսօր ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ 1918-1921 թթ․պետական գործիչների ժառանգների հետ, ովքեր Հայաստան էի եկել տարբեր երկրներից:

1921 թվականի ապրիլի 17-ի «Նեմեսիս» գործողության մասնակից Արամ Երկանյանի՝  Արգենտինայում ապրող թոռնուհի Ալեքսիա Ասատուրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն հայ է զգում և լավ ծանոթ է պապի պատմությանը:

Ալեքսիա Ասատուրյանն ամուսնացել է հայի հետ և ցանկանում է, որ իր զավակները ևս ամուսնանան հայի հետ: «Արգենտինայում ավելի դժվար է հայի հետ ամուսնանալ, քանի որ քիչ են. 40 միլիոն մարդկանցից հարյուր հազարն են հայ և ավելի դժվար է այնտեղ հայ մնալը, բայց կփափագենք, որ զավակներս հայի հետ ամուսնանան և հայությունը սիրեն, ինչպես ամուսինս ու ես»,-ասաց նա և նշեց, որ շատ կարևոր էր առաջին հանրապետության հարյուր ամյակին Հայաստանում լինել:

Ալեքսիա Ասատուրյանը պատմեց, որ այնտեղից հետևում էին Հայաստանի իրադարձություններին և իշխանափոխության ժամանակ շատ են հուզվել, իրենք ևս քայլերթի են մասնակցել: Նա նշեց, որ եթե Հայաստանը զարգանում է, իրենք դրանից իրենց լավ են զգում:

Արմեն Սահակյանը եկել է Լոնդոնից, նրա նպատակը Ստեփանավան գնալն է, որը իր պապի՝ հասարակական քաղաքական գործիչ, 1918 թվականին Հայաստանի Հանրապետության առաջին խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի (Հայր Աբրահամ) կնքավայրն է: Այնտեղ կայանալու է պապու արձանի բացումը, որը իրականացվել է իր միջոցներով:

«1918 թվականը շատ կարևոր հիմք  է Հայաստանի համար, ինչ-որ այսօր ունենք ի շնորհիվ նրանց է՝ խորհուրդը, պետությունը: Հիշողությունը շատ լավ բան է, շատ տարիներ այս երկրում համակարգն այնպես էր, որ անցյալի հիշողությունն այնքան ներկա չէր»,-ասաց նա  և նշեց, որ խոսքը խորհրդային տարիների մասին է:

«Հայաստանում նրանց գործը շարունակվում է, բայց նրանց նման մեծ մարդիկ չկան այսօր, կան մեկ-երկուսը, որ իրենց տեղը պետք է վերցնեն, և հույս ունենք, որ կվերցնեն և իրենց աշխատանքը ինչպես պետքն է, կանեն»,-ասաց նա:

Քրիստափոր Վերմիշյանի և Գևորգ Մելիք Ղարագյոզյանի թոռ Միքայել Վերմիշյանը, ում պապերը եղել են նախարարներ, ասաց, որ իր պապերի որակական հատկանիշներից վերցրել է պատասխանատվությունն իր երկրի համար և կարգ ու կանոնը:

«Հիմա այդ մասշտաբի մարդիկ չկան, նրանք մեծ մարդիկ են եղել, շատ գործ են արել»,-ասաց նա:

Նա նշեց, որ Գևորգ Մելիք-Ղարագյոզյանն Ազգային ժողովի պատվիրակության մեջ 1918 թվականին մեկնել է Գերմանիա և հայանպաստ գործեր է կատարել:

«Այդ ժամանակ թուրքերը ճակատ կազմել գալիս էին, որ վերջին հայերին էլ ոչնչացնեն: Սակայն Գերմանիա գնալով հասկացավ, որ հենց այնտեղից են հրահրում նրանց»,-ասաց նա  և նշեց, որ այդ ամենը ինքը իր գրքի մեջ նկարագրել է, որի շնորհանդեսը կլինի հունիս ամսին: