Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը տպարանում է և շուտով լույս կտեսնի. «Անտարես» հրատարակչության տնօրեն (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը տպարանում է և շուտով լույս կտեսնի. Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Չեմ ուզում ասել ժամկետներ, բայց հենց հիմա տպարանում տպագրվում է, կազմը դեռ չի ստորագրել հեղինակը, իսկ գրքի համաձայնությունը տրվել է, ստորագրվել է: Գիրքը կվաճառվի ամենուր, հիմա էլ բաժանորդագրություն է արվում, և կարծում եմ՝ այս գիրքն իր հետևից կտանի ուրիշ գրքեր»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե ինչու որոշվեց հրատարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը հենց հիմա, արդյոք գիրքը գեղարվեստական արժեք է, թե ժամանակին համահունչ նախաձեռնություն, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ իրենց առաջարկը եղել է «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին:
«2010 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը բանտում էր, Արամազդ Ղալամքարյանի հետ մենք նախաձեռնել էինք այս գրքի հրատարակումը և նախապատրաստեցինք հրատարակության, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ, և ժողովրդական ճնշման ալիքի ազդեցության տակ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատվեց: Միաժամանակ մենք չպետք է մոռանանք, որ Փաշինյանը հրատարակիչ է իր գործունեությամբ, իհարկե, թերթի հրատարակիչ է, և երբ որ այդ հրատարակիչը բանտում էր, դու փորձում էիր այդ հարցը լուծել, և այդ հարցը դուրս եկավ, որովհետև մենք համոզված ենք որ ինքը եթե ճիշտ գտնի, ապա կհրատարակի»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ դրանից հետո անցավ տասը տարի, և գիրքը չհրատարակվեց:
«Եվ երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, ես տարբեր ուղիներով «հասցրի», որ «Անտարեսն» ուզում է հրատարակել: Մենք մեր առաջարկը արել ենք «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանին, մեզ պատասխանել է ժողովրդի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը և պայմանավորվել ենք վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ պայմանագիրը կնքել ենք ՀՀ վարչապետի հետ: Այսինքն՝ մեզ մեղադրել, որ իշխանության համար ինչ-որ բան ենք ուզում անել, մի քիչ սուտ է, մենք քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գիրքն էինք պատրաստ հրատարակել, ով մեզ ճանաչում է, գիտի, որ մենք ոչ մեկի թրի տակով երբեք չենք անցել, ու Նիկոլի թրի տակով էլ չենք ուզում անցնել, եթե այդ թուրը երբևիցե կհայտնվի: Բայց պատրաստ ենք, որ այս իշխանությունը ինչքան մնա այսպիսին, ինչպիսին հիմա կա, պաշտպանի ժողովրդի շահերը, պատրաստ ենք նրան օգնել, մեր ուսերի վրա տեղ տալ, մեր կարողությունները ծառայեցնել այդ գաղափարին, որ Հայաստանը մտնի քաղաքակիրթ երկրների շարքի մեջ»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը, խոսելով գրքի գեղարվեստական արժեքից, նշեց, որ այդ գիրքն իր առաքելությունը կատարել է:
«Հունվարին Նիկոլ Փաշինյանին դիմում է մի սկսնակ հրատարակիչ և առաջարկում գիրքը հրատարակել, Նիկոլ Փաշինյանը սկսում է խմբագրել գիրքը և, իր խոսքերով ասած, 10 տարի անց, երբ վերընթերցում էր այս գիրքը, լցվեց վճռականությամբ, որ այս հեղափոխությունը պետք է կատարվի և տեսավ, որ ժողովուրդն իսկապես պատրաստ է հեղափոխության, և հեղափոխությունը կատարվեց: Հիմա գիրքն իր «միսիան» կատարել է, ուզում եք՝ ասեք՝ ուներ գեղարվեստական արժեք, ուզում եք՝ ասեք՝ չուներ, սա արդեն կարևոր չէ»:
«Անտարես» հրատարակչության տնօրենը նշեց, որ միայն այս գիրքը չէ, որ առաջ է անցել կյանքից և ապացուցել, որ գրականությունն առաջնային է:
«Առաքել Սեմիրջյանը 2011 թ-ին «Մարիոթի աղբարը» պատմվածքում նկարագրում է Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Մարիոթում», մեկ տարի առաջ Արփի Ոսկանյանը «Սապատավոր լյառը» պատմվածքում նկարագրում է, թե ոնց է հերոսը, որի նախատիպն է Վալերիյ Օսիպյանը, դառնում ոստիկանապետ, էլ չասեմ Վանո Սիրեդեղյանի մասին, որ 1999-2000 թթ-ին նկարագրել էր մանրամասն «Գյադաների ժամանակը», իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը դեռ 97թ-ին իր «Պատերազմ թե խաղաղություն» աշխատության մեջ նկարագրել էր, թե ինչ է լինելու, եթե իշխանության գա պատերազմի կուսակցությունը: Գրականությունը հզոր զենք է, և այդ զենքը պետք է հասու դառնա յուրաքանչյուր հայաստանցու»,- ասաց նա:










