Ոչ մեկն աշխարհում չի սիրում Պուտինին այնպես, ինչպես Թրամփը. Սնոուդեն

12:25 • 27.05.18

Ոչ մեկը չի սիրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այնպես, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այդ մասին հայտարարել է ամերիկյան կենտրոնական հետախուզական ծառայության և ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, հաղորդում է Huffington Post-ը:

Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ ամերիկացիները «չպետք է հույս ունենան», որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը կարող է ապացուցել Մոսկվայի հետ Թրամփի «կապը», որի մասին հերքում են ինչպես Կրեմլում, այնպես էլ Սպիտակ տանը:

«Ոչ մեկն աշխարհում Պուտինին չի սիրում այնպես, ինչպես Թրամփը: Բայց կարծում եմ, որ մարդիկ չափազանց շատ բան են ուզում՝ հույս ունենալով, որ Մյուլերի հետաքննությունն օբյեկտիվ ապացույցներ կգտնի Թրամփի դեմ»,- ասել է Սնոուդենը:

Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակիցը կասկած է հայտնել ԱՄՆ նախագահի «անդամագրելու» հնարավորության առնչությամբ:

«Անկեղծ ասած, ցանկացած մեկը, ով լսել է Թրամփի խոսքը երեք րոպե, գիտի, որ դա չէր անցնի: Դժվար նրա նման մարդուն ցանկանային օգտագործել նման բարդ դերի համար, երբ նա անգամ չի կարող հիշել, թե ինչ էր պատրաստվում ասել նախադասության վերջում: Բայց դա չի նշանակում, որ նա չէր ցանկանա համագործակցել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Սնոուդենը: