Թիվ 16 պոլիկլինիկայում ոչ թե աշխատակիցների ցանկացած անձն է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այլ քաղաքապետարանի. Դավիթ Խաժակյան (տեսանյութ)
Թիվ 16 պոլիկլինիկայի ղեկավարն աշխատանքից ազատվեց այն դեպքերից հետո, երբ մենք ձեզ հետ այցելեցինք այնտեղ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Նա տեղեկացրեց, որ դրանից հետո աշխատակիցների մեծամասնության կողմից ստորագրահավաք է ներկայացվել քաղաքապետին, որ իրենք նախընտրած թեկնածու ունեն, ով նախկինում փոխտնօրեն է եղել՝ կոլեկտիվի կողմից ընդունված: Պոլիկլինիկայի աշխատակիցները դիմել են քաղաքապետին, որ նշանակվի հենց նա:
«Փոխարենը՝ այսօր քաղաքապետարանից տեղեկություն ստացվեց, որ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում մեկ այլ բուժաշխատող, սոնոգրաֆիայի բժիշկը, ով, փաստորեն, չունի կոլեկտիվի ընկալումը, և կոլեկտիվի անդամները, ըստ էության, ասում են՝ եթե նա լինի, կլինի նախկինի նման կամ նույնիսկ ավելի վատ: Եվ դիմում են քաղաքապետին՝ ասելով, որ նշանակեք մեր ցանկացած թեկնածուին, ում հետ մենք կկարողանանք աշխատել: Եթե քաղաքապետը նման սխալ գործի և այդ կնոջը նշանակի որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա աշխատողներն ասել են, որ գործադուլ կանեն, ինչը սկսել էին առավոտյան»,-հայտնեց Դավիթ Խաժակյանը և ավելացրեց, որ այս պահին քաղաքապետարանից իրենց պետք է տեղեկացնեն, թե ինչպիսի վերջնական որոշում կա, որովհետև հասկանալի է, որ պետք է հաշվի նստել առավոտյան կատարված իրողության հետ, բայց առաջիկայում արդեն իրենք հստակ պատասխանը կստանան: Եվ եթե դա լինի իրենց կամքին հակառակ՝ կդիմեն գործադուլի:
Հարցին, թե ինչ է հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ պոլիկլինիկայի տնօրենի նկատմամբ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավարն ասել է, որ այս պահին դատախազությունից կա համապատասխան գրություն այդ մասին: «Ես նաև ցուցմունք եմ տվել Ոստիկանությունում և կարծում եմ, որ դա բավարար է քրեական գործ հարուցելու համար, բուժաշխատողների հետ ևս զրույցներ կունենան իրավապահ մարմինները, դրանից հետո քրեական գործ կհարուցվի, որից կբխեն մնացած հետևանքները»:










