«Նորֆոլկ Քոնսալթինգն» ավելի թափանցիկ վիճակ է ստեղծել նախկինի համեմատ, առաջին անգամ փորձ է արվել կիլոգրամով մաքսազերծվող բեռները փաստաթղթավորել՝ ըստ տեսականու. ՊԵԿ նախագահ
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործունեությունը պետք է բացահայտվեր նախորդ կառավարության կողմից. ԱԺ-ում այսօր ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից՝ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմայի բացահայտմանը։
2017թ.-ի կատարողականի քննարկման ժամանակ դիմելով ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ Մելքումյանն ասաց, որ նշվել է, որ մենաշնորհային քաղաքականություն է վարվել, օդից վճար է գանձվել. «Այն ժամանակ ի՞նչն էր խնդիրը, որ սրան չեք արձագանքել, որ մենաշնորհային վիճակ է»:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ հարցն ավելի շատ իրականացմանն է վերաբերում, քան քաղաքականությանը:
Հարցին պատասխանեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:
Նա նշեց, որ «Նորֆոլկ Քոնսալթինգի» խնդրին ինքը որոշակի ծանոթ է: «Առաջին անգամ փորձ արվեց կգ-ով մաքսազերծում իրականացվող բեռները փաստաթղթավորել: «Նորֆոլկ Քոնսալթինգի»-ի կողմից կգ-ով մաքսազերծում իրականացնելուց հետո տեսականիով փաստաթղթեր էին ներկայացվում: Սա կարևոր քայլ էր, որ մենք կատարեցինք: Մի քայլ կատարեցինք, որ ապագայում մենք տեսականիով մաքսազերծման դեպքում հիմք ունենանք: Մեխանիզմը, որը նախատեսվել էր, ճիշտ կլիներ իրականացնել պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հիմնելով: Այն գործառույթը, որն իրականացնում էր «Նորֆոլկ Քոնսալթինգը», նախկինից ժառանգված մութ ու գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի շտկում իրականացնելու նպատակ է ունեցել»,- ասաց Դավիթ Անանյանը:
Նա ասաց, որ «Նորֆոլկը» բացվել էր այն նպատակով, որ բեռնափոխադրումները մաքսազերծման գործընթացից տարանջատվեն, մաքսազերծումն իրականացվի մաքսային մարմնի կողմից վերահսկելի գործառույթներով:
««Նորֆոլկի» պատմությունը բավական մութ ու խառը պատմություններ ջրի երես է հանել: Ես ձեռնպահ կմնամ ասել՝ հարկեր թաքցնում էին, թե ոչ, ես ուզում եմ ասել, որ այն ստեղծվել էր որոշակի կարգավորումների համար: Թե որքանով է դա հաջողվել, քննությունը ցույց կտա: Ես՝ որպես մասնագետ, կարծում եմ, որ նախկինի համեմատ «Նորֆոլկն» ավելի թափանցիկ վիճակ է ստեղծել»,- ասաց նա:
Նշենք, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու հաշվապահության ծառայության գծով տնօրենը։










