Չինաստանն արագացնում է նոր սերնդի միջուկային զենքի ստեղծման տեմպերը. The Hill
Չինաստանն արագացնում է նոր սերնդի միջուկային զենքի ստեղծման տեմպերը և դա անում է շատ ավելի արագ, քան ԱՄՆ-ն փորձարկումներ է իրականացնում: Այդ մասին հայտնում է The Hill-ը:
Հիմնվելով Չինաստանի ինժիներական ֆիզիկայի ակադեմիայի տվյալներին՝ աղբյուրը նշում է, որ 2014 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում Չինաստանը մոտ 200 նման փորձարկում է արել, միջինը՝ ամսական հինգ փորձարկում:
«Մինչդեռ ԱՄՆ-ն նման փորձարկումներ է անցկացնում ամսական ամենաշատը մեկ անգամ»,-նշում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Բերքլիում Լոուրենսի անվան ազգային լաբորատորիայի տվյալները:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Սպիտակ տունը 1.2 միլիարդ դոլար է հատկացրել երկրի միջուկային զինանոցի արդիականացման ծրագրի համար, իսկ Պենտագոնը հունվարին ներկայացրել է ԱՄՆ նոր միջուկային հայեցակարգը, որը նախատեսում է Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար «փոքր հզորության» միջուկային զինամթերքի ստեղծում:
The Hill-ի տեղեկություններով՝ Չինաստանն այժմ աշխատում է կարճ տարածության վրա մարտական գործողությունների համար նոր մարտավարական միջուկային զենքի ստեղծման վրա:










