Վրաստանը խզում է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները` Հրվ. Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման պատճառով

16:03 • 29.05.18

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Դավիթ Դոնդուան  հայտարարել է, որ երկիրը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը:

Ինչպես հայտնում է russian.rt.com կայքը, պաշտոնյան մանրամասնել է, որ նման որոշումը պայմանավորված է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմամբ:

«Վրաստանը սկսել է Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման գործընթացը»,-ասել է Դոնդուան:

Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Սիրիան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը. այդ մասին ասվում է հանրապետությունների ԱԳՆ կայքերում տեղադրված հաղորդագրություններում:

Կողմերը հայտարարել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և համագործակցության ձգտման հանձնառության մասին:

Դամասկոսը և Ցխինվալը, ինչպես նաև Դամասկոսը և Սուխումը հայտարարել են փոխադարձ ճանաչման և դեսպանատների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին:

Հիշեցնենք, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները ճանաչել են Ռուսաստանը, Նիկարագուա, Վենեսուելան, Նաուրուն, Վանուատուն և Տուվալուն: