Ռուսաստանում առկա է ահաբեկչական վտանգ. Լեհաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է քաղաքացիներին Ռուսաստան այցելելու վտանգի մասին

16:50 • 29.05.18

Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Ռուսաստան այցելությունների վտանգի մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանում առկա է ահաբեկչական վտանգ: Այն կարող է մեծանալ 14.06-15.07 անցկացվելիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության առնչությամբ: Չի կարելի բացառել հարձակումներ առաջնությունը հյուրընկալող քաղաքներում»,- ասված է գերատեսչության հաղորդագրությունում:

Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ հարկավոր է մասնավորապես զգուշավորություն ցուցաբերել մարզադաշտերում, երկրպագուների համար հատկացված գոտիներում և դրանց մոտակայքում, ինչպես նաև հանրային տրանսպորտում:

Լեհաստանի ԱԳՆ-ն նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին Հյուսիսային Կովկաս այցելությունների առնչությամբ, ինչպես նաև նշել է, որ լեհերին խստորեն խորհուրդ չի տրվում Ղրիմ այցելել: