Բողոքի ակցիա դատախազության շենքի մոտ. պահանջում են գլխավոր դատախազի հրաժարականը (տեսանյութ, լուսանկարներ)
ՀՀ գլխավոր դատախազության մոտ քաղաքացիները պահանջում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականը:
Մի խումբ քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, ազատամարտիկ, նախկին դատապարտյալ Վոլոդյա Ավետիսյանը, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը մասնակցում են բողոքի ակցիային։
Tert.am-ի հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ եթե չեն փոխում դատաիրավական համակարգը,ապա երկրում կարգ ու կանոն չի հաստատվի։
«Բոլոր այն անձինք, ովքեր ծառայել են նախկին բռնակալությանը, եթե օրինական ճանապարհով նրանց չենք փոխելու, նրանք չեն փոխվելու,ապա մենք չենք կարողանա երկրում կարգ ու կանոն հաստատել։
Հարցին, թե ըստ գործող սահմանադրության Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովը պետք է նախաձեռնի գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթացը, որի հիմքերն, ըստ էության, չկան, որովհետև նման գործընթաց տեղի չի ունենում, Փոստանջյանն ասաց, որ Ազգային ժողովը ևս օրինական չի ձևավորվել.«Ազգային ժողովը ևս պետք է լուծարել և ամբողջ մեծ ընդվզումը դրան է միտված եղել, մեծ ընդվզման արդյունքը պետք է լինի արդար ու հավասար պայմաններում ընտրությունների անցկացումը և ոչ միայն խորհրդարանի, այլ նաև այլ մարմինների»։
Հարցին, թե կարծում են, որ մարդկանց սակավ քանակով կհասնեն դատախազի հրաժարականին, Փոստանջյանն ասաց, որ ՀՀ-ում իրավապահ մարմինների աշխատանքից տուժել են բազմաթիվ քաղաքացիներ.«Միլիոնավոր քաղաքացիներ են տուժել և մենք, միլիոնավոր քաղաքացիներին ոտքի հանելով, կսրբենք, կտանենք այս ամենը»։
Բողոքի ակցիան շարունակվում է, Փոստանջյանը տեղեկացրեց, որ այն շարունակական է լինելու։

,










