ՀՀ և Նախիջևանի սահմանային շրջաններում տիրող իրավիճակի հետ կապված Արենիում խուճապ չկա. Արենիի համայնքապետարան
Սոցիալական ցանցերում տարածվող լուրերը, ըստ որոնց Արենի համայնքում և, հատկապես, Արենի բնակավայրում տիրում է խուճապային իրավիճակ՝ կապված ՀՀ և Նախիջևանի սահմանային շրջաններում տիրող իրավիճակի հետ, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին Արենիի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արենիի համայնքապետ Հուսիկ Սահակյանը:
«Ազգաբնակչությունը շարունակում է զբաղվել իր առօրյա աշխատանքներով և խնդիրներով: Միաժամանակ, խնդրվում է սոցիալական ցանցերում չտարածել ապատեղեկատվություն: Արենիի համայնքապետարանը մշտապես հետևում է գործընթացներին, ինչպես նաև ակտիվ համագործակցում է համապատասխան մարմինների հետ»,- գրված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Թումանյանը լուսանկարներ էր տարածել և գրել էր, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան: «Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, և մեր դիրքերն այս պահին ավելի ցածր են... Գյուղում խուճապ է... Չհավատացողներին և հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի և համոզվել...»:
Գրառմանը պատասխանել էր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ ՀՀ ԶՈւ-ն մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքներն ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք:










