ՀՀ ԶՈւ-ն մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով, այդ թվում՝ նախիջևանյան հատվածում. Ա. Հովհաննիսյան
Հարգելի համաքաղաքացիներ, ՀՀ ԶՈւ-ն մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքներն ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ ի պատասխան օգտատեր Սիրանուշ Թումանյանի գրառման:
Նշենք, որ օգտատերը լուսանկարներ էր տարածել և գրել էր, որ Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր կան: «Ֆոտոները հենց էս պահին եմ արել, Արենիի այգիներից, գյուղը ամբողջությամբ դիտարկվում է իրենց կողմից, և մեր դիրքերն այս պահին ավելի ցածր են... Գյուղում խուճապ է... Չհավատացողներին և հերքողներին, խնդրում եմ, գալ Արենի և համոզվել...»:
Արծրուն Հովհաննիսյանի ձևակերպմամբ՝ նշված գյուղերի բնակիչները ՀՀ ԶՈւ-ի կատարած աշխատանքների մասին լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ:
«Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը: 











