ԱՄՆ-ն խստացնում է Չինաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը

10:43 • 30.05.18

ԱՄՆ-ն հունիսի 11-ից Չինաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման նոր կանոններ է սահմանում, համաձայն որոնց երկիրն իրավունք է վերապահում սահմանափակել վիզայի գործողության ժամկետը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Հունիսի 11-ից մենք միջոցներ կներդնենք՝ ուղղված վիզայի հարցով մի շարք չինացի դիմողների նկատմամբ անվտանգության ուժեղացմանը: Չնայած Չինաստանի քաղաքացիներին վիզաների մեծ մասը տրամադրվում են գործողության առավելագույն ժամկետով, հյուպատոսական ծառայությունների աշխատակիցները կարող են սահմանափակել վիզայի ժամկետը կոնկրետ դեպքերում՝ յուրաքանչյուր իրավիճակի համար հանգամանքների համապատասխան»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ դա արվում է ազգային անվտանգության ռազմավարության իրականացման շրջանակներում և ուղղված է մրցակիցներին մտավոր սեփականության փոխանցումը կանխելու համար: Նա նշել է, որ վիզաների տրամադրման ընթացակարգը չի փոխվել:

Կայքը նշում է, որ ԱՄՆ-ն մեղադրում է Չինաստանին մտավոր սեփականություն գողանալու համար: