Հայաստանում ներդրումներ կատարելը սրբազան պարտավորություն պետք է լինի. Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ամփոփում են Ն. Փաշինյանի այցը

22:30 • 30.05.18

Վրաստանում բավական մեծ ոգևորվածություն կա, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական առաջին այցը կատարում է հենց Վրաստան: Tert.am-ի հետ զրույցում Վրաստանում հայ համայնքի ներկայացուցիչներն ասացին, որ դա վստահաբար դրական ազդեցություն կունենա հայ-վրացական հարաբերությունների զարգացման վրա և կընդգծի փոխադարձ կարևորությունը:

Վրաստանի հայ գործարարների միության նախագահ Սամվել Աղեկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր մի շարք այլ կազմակերպությունների թվում հանդիպել են նաև իրենք:

«Հայաստանում ներդրումներ կատարելն ամբողջ հայ ժողովրդի սրբազան պարտավորությունը պետք է լինի, որ Հայաստանը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև աշխարհասփյուռ հայերի հզոր հայրենիքը դառնա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ հզոր հայրենիք ունենալու երազանքն այսօր  իրականություն դառնալու շանս ունի:

Աղեկյանն ասաց, որ խոսել է նաև այնպիսի խնդիրների մասին, որոնք վերջին 20 տարիների ընթացքում հուզել են Հայաստանից դուրս ապրող հայերին:

«Մի կողմից մեզ դիմում են՝ «Արի տուն՝ Հայաստան» կարգախոսով, իսկ մյուս կողմից  դնում են այնպիսի սահմանափակումներ, որոնք, մեղմ ասած, անհասկանալի են: Մենք՝ Վրաստանի քաղաքացիներս, վրացական պետհամարանիշներով մեր մեքենայով միայն մեկ ամիս իրավունք ունենք գտնվելու Հայաստանում, որից հետո պարտավոր ենք լքել Հայաստանը, հակառակ դեպքում՝ տուգանքը կազմում է մեքենայի արժեքի 10 տոկոսի չափով»,- նշեց Վրաստանի հայ գործարարների միության նախագահը:

Նա նշեց, որ Վրաստանում հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաները կարող են գտնվել 3 ամիս, որից հետո ցանկացած լիազորագիր ունեցող անձ մեքենան կարող է սահմանն անցկացնել: Սամվել Աղեկյանը նշեց, որ այս հարցը լուծելու նպատակով դիմել է համապատասխան իրավասու կառույցներին, ընդհուպ մինչև Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ երկու անգամ:

«Հետաքրքիրն այն է, որ նա զարմացավ, ասելով՝ միթե այս հարցը այսքան երկար ժամանակ լուծում չի գտել, խոսքը մոտ 10 տարվա մասին է: Լինելով խոշոր հարկատու՝ թե´ Վրաստանում և թե´ Հայաստանում, հանդիսանալով ներդրող՝ արտադրության բնագավառում, շատ ծանր եմ տանում այն փաստը, որ այսպիսի հասարակ հարցի լուծումը տևում է երկար տարիներ»,- վարչապետի հետ հանդիպման ժամանակ, իր խոսքով, մանրամասնել է նա:

Ըստ Սամվել Աղեկյանի՝ այսօրվա Հայաստանի համար շատ կարևոր է, որ ցանկացած երկրի քաղաքացի, որը տարբեր բարի նպատակներով այցելում է Հայաստան, հենց առաջին քայլից զգա, որ այստեղ իրեն սպասում են:

Վրաստանի հայ գործարարների միության նախագահի գնահատմամբ՝ տեղի ունեցածը հրաշք էր, որովհետև հեղափոխությունը եղավ առանց մեկ կաթիլ արյան: Նա նշեց, որ Վրաստանի հայ գործարարները պատրաստ են նոր եռանդով իրենց մասնակցությունն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացմանը:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել են մի շարք հարցեր, որոնցից ամենակարևորը տարածաշրջանում կայունության ապահովումն է:

«Քննարկվել են նաև տնտեսությանը վերաբերող հարցեր: Որքանով ինձ է հայտնի՝  խոսվել է առևտրաշրջանառության մեծացման հնարավորությունների մասին: Այս առնչությամբ ստեղծված միջպետական հանձնաժողովն արդյունավետ չի եղել: Այն մոտեցումները, թե ինչ պետք է անի հանձնաժողովը, չեն եղել, այն չպետք է վերածվի չինովնիկների հանձնաժողովի, պետք է նպաստի տնտեսական հարաբերությունների խորացմանը, բիզնեսների սերտացմանը»,- ասաց Ստեփանյանը:  

Քաղաքացիական շարժման նախագահի խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև Վրաստանից Հայաստան տրանսպորտային հոսքին և հակառակ ուղղությամբ: Առնոլդ Ստեփանյանը նշեց, որ մայրուղիները պետք է բեռնաթափվեն. «Վրաստանը տրանզիտային տարածք է, մեծ թվով բեռնատարներ են անցնում և հերթեր են գոյանում»:

Առնոլդ Ստեփանյանն ասաց, որ կարևորվում է նաև տուրիզմը: Նրա գնահատմամբ՝ միջպետական մակարդակում զբոսաշրջությունը զարգանում է, ճիշտ է, ավելի շատ Հայաստանից են Վրաստան մեկնում, բայց Վրաստանից էլ Հայաստան այցելողների բավական մեծ թիվ կա:

Այնինչ, նրա խոսքով, զբոսաշրջության զարգացման պոտենցիալը մինչև վերջ օգտագործված չէ: «Այն զբոսաշրջիկները, ովքեր գալիս են տարածաշրջան, ովքեր Վրաստանն ու Հայաստանը դիտարկում են մեկ զբոսաշրջային գոտի, կարող են ավելի մեծ օգուտներ տալ: Վրաստանն այս առումով փոքր-ինչ առաջ է՝ ավտոճանապարհների չափանիշները համապատասխանում են միջազգային չափանիշներին, հյուրանոցների որակն էլ այդպիսին է»,- շեշտեց Առնոլդ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում ինովացիոն կենտրոնները շատ զարգացած են և ինովացիոն կրթության հայկական փորձը կարող է օգտական լինել Վրաստանի համար: Հայաստանն էլ, իր հերթին, նրա խոսքով, կարող է առողջապահական և պետական կառավարման ոլորտներում իրականացված բարեփոխումներն իր համար օրինակելի դարձնել: