ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին. Իսրայելը հերքել է
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի հետ հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին՝ 2014 թվականից ի վեր Իսրայելի և Գազայի միջև վատագույն բախումներից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Անցած գիշեր պաղեստինցիները հրթիռակոծել են Իսրայելի հարավային շրջանները, իսկ իսրայելցիները կրկին ռմբակոծել են Գազայի հատվածում գրոհայինների օբյեկտները:
«Վերջին ժամերին, այն բանից հետո, երբ դիմադրությունը կարողացավ հակադարձել ագրեսիան և թույլ չտալ փոխել խաղի կանոնները, բազմաթիվ միջնորդական ջանքեր են ձեռնարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գազայի հատվածում հրադադարի վերադառնալու վերաբերյալ»,- ասված է ՀԱՄԱՍ-ի հայտարարությունում:
Իսրայելի հետախուզության հարցերով նախարար Իսրայել Կացը, սակայն, հերքել է հրադադարի պայմանավորվածության լուրը:
«Իսրայելը չի ցանկանում, որ իրավիճակը վատթարանա, բայց բռնությունը սկսողները պետք է դադարեցնեն այն: Իսրայելը ՀԱՄԱՍ-ին կստիպի պատասխան տալ մեզ հասցված հարվածների համար»,- ասել է նա:
Վերջին երկու ամիսների ընթացքում պաղեստինա-իսրայելական հակամարտությունը լրջորեն սրվել է Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու ֆոնին: Գազայի հատվածում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել, որոնք վերաճել են իսրայելցի զինվորականների հետ բախումների, ինչի հետևանքով տասնյակ պաղեստինցիներ են զոհվել:










