ԱՄՆ-ում հոգևորականը հետևորդներին խնդրել է իր համար 54 մլն դոլարանոց մասնավոր օդանավ գնել
Ջես Դուպլանտիսը, որն ԱՄՆ-ում Բարգավաճման Ավետարանի ամենահայտնի քարոզողներից է, ցանկանում է նոր՝ 54 մլն դոլար արժողությամբ Dassault Falcon 7X մասնավոր օդանավ ունենալ: Սակայն հետաքրքրական է, որ հոգևորականը ցանկանում է, որ իր հետևորդ հավատացյալները վճարեն նման ճոխության համար:
Ինչպես նշում է Oddity Central-ը, իրականում հոգևորականը մասնավոր օդանավ ունի՝ այն էլ 3 հատ: Դրանց գումարը վճարվել է հավատացյալների նվիրաբերած միջոցներով: Սակայն այժմ Դուպլանտիսն ուզում է հավատացյալների գրպանի հաշվին առավել կատարելագործված օդային փոխադրամիջոց ունենալ:
«Ուզում եմ, որ Falcon 7X-ի հարցում հավատաք ինձ: Հիմա շատերը համարում են, որ քարոզիչները չպետք է մասնավոր օդանավեր ունենան: Բայց իմ կարծիքով՝ դրանք անհրաժեշտ են, որպեսզի քարոզիչները կարողանան հասնել աշխարհի ցանկացած անկյուն ու իրենց խոսքը տարածեն»,-նշել է 68-ամյա հոգևորականը:
Դուպլանտիսն ընդգծել է, որ նոր Dassault Falcon 7X-ը կօգնի առավել արդյունավետ զբաղվել քարոզով: Նա նշել է, որ 1978թ. Աստված իրեն հայտնվել է տեսիլքով ու ասել, որ իրեն անձնական օդանավ է հարկավոր:
«Ջես, ես չեմ ցանկանում, որ դու վճարես դրա համար, ուզում եմ, որ հավատաս»,-Աստծո «խոսքը» ներկայացրել է քարոզիչը՝ հասկացնելով հետևորդներին, որ իրենք պետք է վճարեն փոխադրամիջոցի համար:
«Ես անկեղծորեն հավատում եմ, որ եթե Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես ապրեր մեր ժամանակներում, նա ավանակով չէր տեղաշարժվի: Նա մասնավոր օդանավով աշխարհով մեկ կթռչեր»,- հավաստիացրել է Դուպլանտիսը:










