Եղել է պայմանավորվածություն առանձին հարկային ռեժիմ սահմանելու մասին. Խոսրով Հարությունյանը՝ տնտեսավարող սուբյեկտներում ստուգումների մասին

17:25 • 30.05.18

Ես Ազգային անվտանգության ծառայության գործողությունների վերաբերյալ գնահատականներ չեմ կարող տալ, որևէ ստույգ տվյալի չեմ տիրապետում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը` անդրադառնալով «Երևան Սիթի»-ում և մի շարք այլ տնտեսավարող սուբյեկտներում ԱԱԾ-ի ստուգումներին:

«Իմ ունեցած տեղեկատվությունն այն է, որ գյուղմթերքների ձեռքբերման փաստաթղթավորման հետ է կապված եղել, հնարավոր չի եղել փաստաթղթավորել, բայց այդ մանրածախ, առևտրային, ցանցային կազմակերպությունները ձեռք են բերել պայմանավորվածություն գյուղատնտեսական ապրանքները առանձին հաշվառում տանելու և առանձին հարկային ռեժիմ սահմանելու մասով»,-շեշտեց նա:

Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ եղել էր պայմանավորվածություն ՊԵԿ-ի նախկին ղեկավարների և գործարարների միջև, որ գյուղատնտեսական ապրանքները, նաև մսամթերքը ֆիզիկական անձ հանդիսացող գյուղացիներից ձեռք բերեն պայմանագրի հիման վրա:

«Եվ այդ պայմանագիրը ձևակերպեն անհատ ձեռներեցներով և այդ անհատ ձեռներեցների գործունեությունը փաստեն մեկ ՀԴՄ կտրոնով կամ մեկ ՀԴՄ կտրոնի վրա առանձին կտրոնով և հարկեն շրջանառության հարկով»,-նշեց նա:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ մեկ այլ հարց է, թե այդ պայմանավորվածությունը ճի՞շտ է եղել, թե ոչ, բայց տնտեսավորողները շարժվել են պայմանավորվածությունների համաձայն:

Հիշեցնենք, որ Tert.am-ը հաղորդել էր, որ«Երևան Սիթի»-ի գլխամասային գրասենյակը փակ է. գրասենյակի առջև բազմաթիվ մեքենաներ կան, այդ թվում՝ «Ինկասացիայի» մեքենաներ, դիմակավորված, համազգեստ կրող անձինք քաղաքացիներին ուղեկցում են դեպի ավտոմեքենաներ:

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը վստահեցրել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում Պետական եկամուտների կոմիտեն որևէ ստուգում չի իրականացնում։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա ասել էր, որ իր տեղեկություններով՝ տվյալ տնտեսավարողի մոտ գործողություններ է իրականացնում Ազգային անվտանգության ծառայությունը։