Լուկաշենկոյի օգնականը ձերբակալվել է 200.000 դոլար կաշառք ստանալիս
Բելառուսում ձերբակալվել է երկրի նախագահի օգնական, Գրոդնոյի մարզի հարցերով տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն՝ վկայակոչելով երկրի պետական անվտանգության կոմիտեին: Պաշտոնյան ձերբակալվել է հանցանքի վայրում՝ 200 հազար դոլար կաշառք ստանալիս:
Այժմ պաշտոնյան գտնվում է մեկուսարանում և խոստովանական ցուցմունքներ է տալիս:
Ավելի քան մեկ տարի առաջ իրավապահ մարմիններին հայտնի է դարձել, որ Ռովնեյկոն կաշառքներ է ստացել «տարբեր անձանցից»՝ «իր լիազորությունների շրջանակում գտնվող հարցերի լուծման» համար: Պետանվտանգության կոմիտեում պարզաբանել են, որ այդ ժամանակից ի վեր պաշտոնյայի գործողություններին հետևել են, դրա թույլտվությունը տվել է անձամբ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ռովնեյկոյի դեմ գործ է հարուցվել պաշտոնատար անձի կողմից առանձնակի խոշոր չափի կաշառք վերցնելու մասին հոդվածով, որով առավելագույն պատիժը կազմում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի առգրավմամբ:
Պաշտոնյան Լուկաշենկոյի օգնականի պաշտոնին էր նշանակվել 2015 թվականի հունիսի 25-ին:










