Փարիզում վերացրել են ներգաղթյալների խոշոր ճամբարներից մեկը
Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները տարհանել են Փարիզի ներգաղթյալների ամենամեծ ճամբարներից մեկում գտնվող մարդկանց, հայտնում է AFP գործակալությունը:
Փարիզի հյուսիս-արևելքում գտնվող «Հազարամյակ» ճամբարում բնակվում էր մոտ 2 հազար ներգաղթյալ, հիմնականում՝ Սուդանից, Սոմալիից և Էրիթրեայից: Մարդկանց տարհանման գործողությունը սկսվել է տեղի ժամանակով ժամը 06:00-ին և ինչպես նշում է գործակալությունը՝ խաղաղ և հանգիստ է անցել:
Ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմբի խոսքով՝ դա վերջին երեք տարվա ընթացքում ներգաղթյալների ճամբարի 35-րդ տարհանումն է: Նա նշել է, որ մարդկանց ավտոբուսներով տեղափոխել են Փարիզում և Ֆրանսիայի կենտրոնական շրջանում ժամանակավոր տեղակայման վայրեր: Այնտեղ նրանք կապրեն այնքան, մինչև միգրացիոն ծառայություններն ուսումնասիրեն փախստականի կարգավիճակ ստանալու նրանց դիմումները:
Սպասվում է, որ մոտ ժամանակներս Փարիզում կվերացնեն ևս երկու ներգաղթային ճամբար: Այդ ճամբարները Ֆրանսիայի մայրաքաղաքում ձևավորվել են Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի մեկնարկից հետո:










