Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացման մասին լուրը

20:50 • 30.05.18

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմականացման մասին լուրը:

«Ողջ է, հիանալի է: Իսկ ով չալարի, թող հաշվի, թե քանիսը նրանցից, ովքեր արդեն հայտարարել էին, որ «Պուտինին քննադատողին սպանել են», այժմ կասեն, թե չեն սպանել», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ Telegram-ում գրել է Սիմոնյանը:

Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Գրիցակն ավելի վաղ հայտարարել էր, որ հայտնի լրագրողի սպանության մասին լուրը եղել է նախապես ծրագրված հատուկ գործողության մի մասը, որի նպատակը նրա դեմ նախապատրաստվող մահափորձի կանխումն էր:

Արկադի Բաբչենկոն 2017 թվականից աշխատում է Կիևի ATR հեռուստաալիքում, որտեղ հեղինակային ծրագիր է վարում:

Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի ՆԳՆ-ը տեղեկացրել էր, որ լրագրողին սպանել են մեջքից արձակված կրակոցով նրա տան աստիճանահարթակի մոտ: