Սորոսը մտադիր է Brexit-ի հարցով երկրորդ հանրաքվեն անցկացնել՝ Մեծ Բրիտանիան ԵՄ կազմում պահելու համար. The Times
Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը հայտարարել է, որ մտադիր է նոր արշավ ձեռնարկել`Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացման համար:
Ինչպես նշում է The Times պարբերականը, միլիարդատիրոջ նպատակն է անցկացնել ևս մի հանրաքվե ու այնպես անել, որ Միացյալ Թագավորությունը, այնուամենայնիվ, մնա ԵՄ կազմում:
Ութսունյոթամյա Սորոսի նոր արշավը կմեկնարկի առաջիկա օրերին: Այս մասին նա հայտարարել է Փարիզում կազմակերպված թեմատիկ համաժողովի շրջանակում:
Նա ընդգծել է, որ «Բրեքզիթ»-ը տարածքային կազմալուծման վտանգավոր օրինակ է: Ֆինանսիստի համոզմամբ՝ այդ գործընթացը վնաս է հասցնում թե՛ Լոնդոնին, թե՛ Բրյուսելին:
«Վնասի մեծ մասն արդեն իսկ զգալի է. Եվրոպական Միությունը գոյության ճգնաժամի մեջ է, սակայն խնդրից ուշադրությունը շեղվում է Մեծ Բրիտանիայից բաժանման բանակցությունների կողմը: Ներկայում սա երկու կողմերի համար էլ պարտվողական դիրք է, որը, սակայն, կարող է հաղթական դիրքի վերածվել»,-ասել է նա:










