Ուկրաինայի վարչապետը Ռուսաստանին է մեղադրել Կիևում լրագրողի սպանության համար

16:43 • 30.05.18

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Ռուսաստանին է մեղադրել Կիևում լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության համար, գրում է segodnya.ua-ն:

«Վստահ եմ, որ ռուսական տոտալիտար մեքենան չի ներել նրան նրա ազնվությունն ու սկզբունքայնությունը»,- գրել է Գրոյսմանը Facebook-ի իր էջում:

Բացի այդ, նա Բաբչենկոյին անվանել է «Ուկրաինայի իսկական ընկեր» և հավելել է, որ լրագրողն «աշխարհին ճշմարտությունն էր պատմում ռուսական ագրեսիայի մասին»:

Այն մասին, որ Բաբչենկոյի սպանության հետևում կարող էր կանգնած լինել Կրեմլը, հայտարարել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը: Նա հիշեցրել է, որ Բաբչենկոն ստիպված էր հեռանալ Ռուսաստանից՝ ստացած սպառնալիքների պատճառով:

«Նա շարունակում էր պայքարել ժողովրդավարական Ռուսաստանի, Ուկրաինայի համար և, իհարկե, Մոսկվան նրան դիտարկում էր որպես թշնամի»,- հավելել է ուկրաինական գերատեսչության ղեկավարը:

Ռուս լրագրող Բաբչենկոն սպանվել է մայիսի 29-ի երեկոյան՝ ստացած մի քանի կրակոցներից: Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ լրագրողը մահացել է շտապօգնության մեքենայում:

Ուկրաինական ոստիկանությունը հետաքննում է կանխամտածված սպանության մասին գործը: Դիտարկվում է մի քանի վարկած, այդ թվում՝ զոհվածի մասնագիտական գործունեությունը: Ռուսաստանի քննչական կոմիտեն նույնպես քրեական գործ է հարուցել:

Ռուսաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, պահանջել է Ուկրաինայի իշխանություններից բոլոր ջանքերը գործադրել գործի օպերատիվ հետաքննության համար:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, հայտարարել է, որ Մոսկվան դատապարտում է ռուս լրագրողի սպանությունը: