ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Խաչատուր Գիչյանն ազատվել է կալանքից, խափանման միջոցը փոխվել է

12:45 • 31.05.18

Լուսանկարը՝ hetq.am-ի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Դատական նիստին դատավորը բավարարեց ՊՊԾ գունդ մտած բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի պաշտպանի՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:  Դատարանը փոխել է խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ դատական նիստում խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց ամբաստանյալ Խաչատուր Գիչյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին:

Նշենք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ընդգրկված անձանց կողմից 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամներին է տրամադրել իր տիրապետման տակ գտնվող «ԿռԱԶ-256 Բ1» մակնիշի 09 SS 424 հ/հ բեռնատար ավտոմեքենա՝ օժանդակելով նշված հանցավոր արարքի կատարմանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: