Քանի դեռ նոր խաղի կանոններով մրցակցային միջավայր չկա, չի բացառվում, որ թանկացումներ լինեն. տնտեսագետը՝ ԱԱԾ բացահայտումների հետևանքների մասին

21:52 • 31.05.18

Պաշտոնապես հրապարակված տեղեկություններից պարզ է դառնում, որ սա եղել է բոլորի գիտությամբ, այսինքն՝ օրենքը շրջանցելու ձև են գտել և օրենքը շրջանցելով աշխատել են: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող ԱՁ-ների միջոցով խոշոր հարկերից խուսափելուն: Նրա կարծիքով՝ նման երևույթները գաղտնի են եղել միայն հասարակության համար, իսկ որոշումը, թե ինչ ոճով պետք է աշխատել, ընդունվել է համապատասխան պատասխանատուների կողմից: Խաչատրյանը նկատեց, որ վերոնշյալ եղանակով ՀՀ գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռվել ցանցային առևտրով զբաղվող ևս 11 խոշոր կազմակերպությունների: Նրա համար ընդունելի չէ ՀՀԿ ներկայացուցիչների այն բացատրությունները, թե ժամանակավոր նման որոշում է կայացվել զուտ թանկացումներից խուսափելու համար:

«ՀՀ-ում գործող կարգը, ընդունված սկզբունքը Սահմանադրությունն ու օրենքներն են: Հատկապես հարկային դաշտում որևէ իշխանություն իրավունք չունի ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ հարկերը սահմանվում են միայն օրենքով: Այսինքն՝ սա օրինազանցություն է բացահայտ, իշխանության գիտությամբ: Եթե  նման խնդիր կար, ապա գոյություն ունի ԱԺ, որն այդ հարցը պետք է քննարկեր ու համապատասխան որոշում ընդուներ, կամ այնպիսի կարգ սահմաներ, որն օրենքը շրջանցելու հնարավորություն չէր տա: Փաստորեն՝  իշխանության կողմից օրինականացվել է օրինազանցությունը, ինչն ամենաանընդունելի ձևն է: Տարիների շարունակ Հարկային օրենսգիրք են քննարկում, թող այնպիսի փոփոխություններ անեին  ու ընդունեին, որ ընդունելի լիներ, խնդիրերն էլ կարգավորեր, չէ՞ որ դեկտեմբերին Հարկային օրենսգրքում փոփոխություն են արել»,- ասաց նա:

Նա չի հերքում, որ գործարար միջավայրում ԱԱԾ-ի միջոցով փոփոխություններ անելը կարող է բիզնես միջավայրին անհանգստացնել, սակայն գտնում է, որ մյուս իրավապահ մարմիններն առանձնապես վստահելի կառույցներ չեն: Նա համակարծիք է, որ բիզնես միջավայրի չարաշահումները պետք է հայտնաբերեն Հարկային տեսչական մարմիները, սակայն շեշտեց, որ հիմա իրավիճակ է, որ հենց այդ հարկային մարմինների իմացությամբ է եղել չարաշահումները, հետևաբար, պետք է գործը վարի մի մարմին, որը վերահսկողություն ունի ՊԵԿ-ի վրա:

«Կա մի քանի հանգամանք՝ մի կողմից բիզնեսն անհանգստացած է, որ ԱԱԾ-ի հետ գործ ունի, մյուս կողմից էլ՝ նման բիզնեսում դեռևս չներգրավված գործարարները տեսնում են, որ, իրականում, օրակարգում հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու հարց է դրված, և իշխանությունն այդ հարց ցանկանում է այդ կերպ լուծել: Եթե արդյունքի հասնեն, իհարկե, ընդունելի է նման գործելաոճը»,- շարունակեց նա:

Տնտեսագետն այս պահին դժվարանում է վերջնական գնահատական տալ՝ արդյոք նոր կառավարության գործիքակազմը բավարա՞ր է ՀՀ տնտեսություն առողջացման համար, քանի որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունը վերջնականապես դեռևս թղթի վրա հստակ չի արձանագրել իր մոտեցումները: Նրա խոսքով՝ դեռևս կա միայն հրապարակային հայտարարություններ, որից էլ պարզ է դառնում, որ խնդիր է դրված բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծել, մենաշնորհային տնտեսությանը վերջ տալ:

«2 ճանապարհ կա՝ վարչական լծակներ օգտագործել և օրենսդրական լծակներ օգտագործել: Օրենսդրականն այս պահին բավականին երկար ճանապարհ է, մանավանդ այն դեպքում, երբ ԱԺ-ում այսօրվա կառավարությունը քաղաքական մեծամասնություն չունի: Վարչական մեթոդներ կիրառումն արդյունավետ է լինում, բայց  դա պետք է աշխատելաոճ չլինի: Վարչականը միայն ընդունելի է արտակարգ իրավիճակների ժամանակ, այսինքն՝ նրա, որ հիմա է կատարվում, երբ կարիք կա միջամտության խաղի կանոնները բոլորի համար նույնը դարձնելու: Հետագայի համար պետք է օրենքն աշխատի, օրենսդրական փոփոխություններով մի իրավիճակ բերվի, որով հնարավոր չի լինի օրենքից դուրս աշխատել»,- նշեց Վահագն Խաչատրյանը:

Հարցին՝ ներկա օրենսդրության պայմաններում, եթե գործարարն աշխատի օրենք սահմաններում, ապա շահեկան կլինի բիզնես գործունեություն ծավալելը, թե օրենսդրության հետ կապված խնդիրներ կան, Վահագն Խաչատրյանը պատասխանեց, թե սա ամենակարևոր խնդիրն, բայց որևէ մեկն այսօր այս հարցադրմանը չի կարող հստակ պատասխանել: Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում ոչ ոք չի կարող ռեալ գնահատել, թե որքանով է շահեկան հարկային դաշտում թափանցիկ աշխատելը, քանի որ ոչ ոք այդ դաշտում չի աշխատել:

«Միշտ ասել են, եթե  աշխատեն հարկային դաշտում, չեն կարողանալու, բայց չենք կարողանալու ոչ թե նրա համար, որ հարկային բեռը բարձր է, այլ մրցակցային շուկայում չեն կարող մնալ, որովհետև մրցակիցներն ու մյուսներն աշխատում են այլ դաշտում՝ հարկային դաշտից դուրս: Այսինքն՝ հավասար պայմանների բացակայության  պայմաններն է եղել հիմնական դժգոհության առարկան, ոչ թե հարկային դրույքաչափերը: Հիմա սա պետք է կարողանալ գնահատել, թե, իրականում, մեզ մոտ հարկային օրենսգրքով ու դրույքաչափերով աշխատելու պարագայում ինչքանով է ՀՀ-ում բիզնեսը շահավետ, որքանով է բիզնեսին տրված  արդյունքը հասարակության համար մատչելի: Հավատացեք՝ սրա պատասխանը որևէ մեկը չի կարող տալ, մինչև չլինի մրցակցային միջավայր»,- ընդգծեց Վահագն Խաչատրյանը:

Ըստ Խաչատրյանի՝ այս պահին, քանի դեռ նոր խաղի կանոններով մրցակցային միջավայր չկա, դժվար է ասել, թե քաղաքացիների համար այդ ծառայությունների գները կբարձրանան՞, թե՞ կիջնեն: Տնտեսագետը նշեց, որ այս պահին մարդիկ ոգևորվում են բանանի կամ շաքարավազի գնի իջեցումից, սակայն պետք է հասկանալ, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել ՝ վարչական ազդեցության, թե  այլ հիմքով: Խաչատրյանի խոսքով՝ քանի  դեռ մրցակցային պայմաններ չկան, չի բացառվում, որ խոշոր գործարարների տուգանումները, հարկային դաշտ բերելը հանգեցնի ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման:

«Երբ ստվերի դեմ պայքար է լինում, դրանից ստացված արդյունքները քաղաքացիների համար միանշանակ չէ, մինչև մրցակցություն չլինի: Որովհետև այն դեպքում, երբ ստվերը կրճատվում է, բայց մրցակցություն չկա, այդ ապրանքի կամ ծառայության գինը բարձանում է: Մինչև բիզնեսը չգնահատի, որ այլևս մրցակցային հավասար պայմաններ են և ինքը չփորձի այդ բիզնեսի մեջ ներդրում անել, կարող են սպասել թանկացումների»,- շեշտեց Վահագն Խաչատրյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ ՀՀ-ում դասական ստվերային տնտեսություն չկա, ինչն, ըստ Խաչատրյանի, օրերս ապացուցվեց ԱԱԾ հայտարարությամբ, փոխարենը հարկ չեն վճարել համապատասխան պետական մարմինների իմացությամբ: Անկախ ամենից՝ Վահագն Խաչատրյանը շեշտեց, որ ժամանակավոր, համաձայնության կառավարությունը գնում է տնտեսության մեջ ստվերը կրճատելու ճանապարհով:

«Սա իսկապես հնարավորություն է տալիս մաքսիմալ ազատվել ստվերից: Հետագայում սա կարող այլ խնդիրներ առաջացնել, բայց, այո, որոշակի ժամանակ կբերի խնդիրների, իսկ հետո կտա հակառակ էֆեկտ՝ մրցակցություն, գների նվազում բյուջեի եկամուտների ավելացում: Հնարավորություն կտա լուծել առկա բյուջետային խնդիրները՝ պետական պարտք, սոցիալական նպաստներ, աշխատավարձ, թոշակ և այլն»,- եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

 

ՀեղինակԱնի Օհանյան