«Քուրդ զինյալների հետ երկխոսության միջոցով համաձայնության չգալու դեպքում չենք խուսափի ուժի կիրառումից»․ Ասադ

14:51 • 31.05.18

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հայտարարել է, որ իրենք պատրաստ են խաղաղ բանակցությունների գնալ Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալների հետ, իսկ երկխոսության միջոցով համաձայնության չգալու դեպքում չեն խուսափի ուժի կիրառումից։ Այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը։

Սիրիայի ղեկավարը նշել է, որ սիրիական բանակը պետք է հետ բերի հյուսիսում քուրդ զինյալների ենթակայության տակ պահվող տարածքները։ Նրա խոսքով՝ այս հարցում իրենք պատրաստ են բանակցության դուռ բացել քրդական ուժերի համար։

«Սա առաջին տարբերակն է։ Եթե հարցն այս ճանապարհով չլուծվի՝ մենք կդիմենք այդ տարածքներն ուժի միջոցով հետ բերելու տարբերակին»,- ասել է Ասադը։

Սիրիայի նախագահը նաև պնդել է, որ եթե չլինի «Սիրիայի թշնամիների՝ դրսից ստացած աջակցությունը», ապա իրենք կարող են վերջնականապես հաղթել պատերազմը մեկ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Ասադը Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպման ժամանակ «դավաճան» էր անվանել Սիրիայի հյուսիսում կռվող զինված քրդական ջոկատներին՝ շեշտելով, որ նրանք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից։