Հայաստանի ու Արցախի միջև ռոումինգն անհեթեթ է. արցախցի պատգամավոր
Արցախում միշտ եղել է պահանջ՝ չեղարկել Հայաստանի և Ղարաբաղի միջև ռոումինգը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ղարաբաղի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած ակցիային:
Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով վերանայել բջջային կապի միակ օպերատորի՝ «Ղարաբաղ տելեկոմ»-ի գնային սակագները Հայաստան զանգելու մասով, չեղարկել ռոումինգը:
Պատգամավորն ասաց, որ ռոումինգի չեղարկման հարցը շատ անգամ է բարձրացվել, բայց այդպես էլ լուծում չի ստացել:
«Տարիներ շարունակ այդ մասին խոսվել է: Անհեթեթ է, որ Հայաստանի ու Արցախի միջև կարող է ռոումինգ լինել: Բոլորի համար սա պարզ է»,- նշեց Բաղրյանը:
Պատգամավորը նշեց, որ մի շարք պատճառաբանություններ են բերվում, թե ինչու ռոումինգը չի չեղարկվել, բացատրություններ են ներկայացվում, բայց մարդկանց համար հասկանալի չէ, թե ինչու պետք է Հայաստանի ու Արցախի միջև կապի հաստատման խոչընդոտ լինի, այն էլ այդքան թանկ:
«Ռոումինգը էժան չէ, բավական թանկ է: Բացի ռոումինգից մեզ մոտ գործում է նաև վարձավճար, որը Հայաստանում չկա: Թանկ է նստում մարդկանց վրա: Հարցն Ազգային -ժողովում բարձրացվել է, բայց սայլը տեղից չի շարժվել, այս անգամ ինձ թվում է, որ առաջընթացի հնարավորություն կա, հարցի լուծման հնարավորություն կա»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է այն լուրերին, որ արցախցիների մի մասը վախեցել է մասնակցել ակցիային, որովհետև սպառնացել են հեռացնել աշխատանքից, պատգամավորն ասաց, որ նման բան լինել չի կարող:
«Լրատվամիջոցներում ես կարդացի նման բան, բայց այդպիսի բան չկա, չի կարող լինել: Մանավանդ այդ հարցով առաջին անգամ չէ, որ դժգոհություն է եղել»,- ասաց Վարդգես Բաղրյանը:










