Այս պահին Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացը դադարեցվել է․ նախարար

14:04 • 31.05.18

Խզում կա փորձաքննության եզրակացության և իրական գործունեություն ծավալելու միջև, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու հանքերի շահագործման մասով ստուգումներ անցկացնելու որոշում կայացվեց։

«Երբ հանքարդյունաբերական կազմակերպությունը շրջակա միջավայրի ազդեցության դրական գնահատականն է ստանում, դրանից հետո գործունեությունը մոնիտորինգի և ստուգման պետք ենթարկվի։ Մոնիթորինգի համակարգը հստակեցված չէ և պարզ չէ, թե ինչպես դա պետք է արվի։ Ստուգումները պետք են իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու համար»,-շեշտեց նախարարը։

Հարցին, թե ինչո՞ւ են դադարեցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի ստուգումները՝ նախարարը պատասխանեց․ «Այս պահին դադարեցվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացը, իսկ ստուգումները դեռ չեն սկսվել»,– ասաց նախարարը։

Էրիկ Գրիգորյանն ասաց, որ հանքերում ստուգումներ անցկացնելուց չեն տարանջատելու, թե որ հանքն ում է պատկանում, եթե կան խախտումներ, ապա կարձանագրվեն։