«Եկեք Ռուսաստան, մենք շատ ուրախ կլինենք»․ Լավրովը Կիմ Չեն Ընին հրավիրել է ՌԴ

13:21 • 31.05.18

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրավիրել է Ռուսաստան, այս մասին գրում է life.ru-ն։

«Եկեք Ռուսաստան, մենք շատ ուրախ կլինենք», - ասել է Լավրովը Փհենյանում կայացած բանակցությունների ժամանակ։

Հայտնի է նաև, որ հանդիպման ժամանակ Լավրովը «ջերմ բարևներ» է փոխանցել Կիմ Չեն Ընին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից։

«Մենք հետաքրքրված ենք, որ Կորեական թերակղզում ու ամբողջ Հյուսիսարևելյան Ասիայում լինի խաղաղություն, կայունության ու բարգավաճում», - նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Նախքան Կիմ Չեն Ընին հանդիպելը, Լավրովը բանակցել է հյուսիսկորեացի գործընկերոջ՝ Լի Յեն Հոյի հետ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, Կորեական թերակղզու շուրջ իրավիճակն ու միջազգային օրակագի որոշ հարցեր: Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան առևտրատնտեսական կապերը զարգացնելու հնարավորություն ունեն՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների շրջանակում։ 

Հիշեցնենք, որ այժմ Փհենյանն ակտիվ նախապատրաստվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական հանդիպմանը: