Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը. Լավրով

12:23 • 31.05.18

Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքումը կնպաստի փոխադարձ ապրանքաշրջանառությանը, փոխադարձ ներդրումներին և տեխնոլոգիաների փոխանակմանը: Այդ մասին The Straits Times սինգապուրական թերթում հրապարակված հոդվածում գրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Չնայած համաշխարհային տնտեսությունում բարդ իրավիճակին՝ երկկողմ առևտուրը դրական դինամիկա է ցույց տալիս: 2017 թվականի արդյունքներով՝ փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասել է 4,4 միլիարդ ԱՄՆ դոլարի՝ 2016 թվականի համեմատ գրանցելով 94 տոկոսի աճ»,- գրել է Լավրովն իր հոդվածում:

Նրա գնահատմամբ՝ համատեղ ջանքերի ներդրման հեռանկարային ուղղությունների թվում են հատուկ տնտեսական գոտիները, էներգետիկան, տրանսպորտը, ագրոարդյունաբերական համալիրը, ենթակառուցվածքների զարգացումը, տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաները:

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը կկայանա 2018 թվականի հունիսին: