Հայաստանում կրոնական փոքրամասնությունները շարունակում են ազատորեն դավանել իրենց կրոնը. ԱՄՆ պետդեպ
Հայաստանի սահմանադրությունում նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն: Կրոնական փոքրամասնության խմբերը նշել են, որ իրենք հատկապես մտահոգված են իրենց վրա կրոնական ազատության մասին օրինագծի հնարավոր բացասական ազդեցությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ 2017 թվականի ընթացքում աշխարհում կրոնի ազատության մասին զեկույցում:
Քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտնել են, որ շարունակում են ազատորեն դավանել իրենց կրոնը, այնուամենայնիվ, որոշ քրիստոնյաներ նշել են, որ ստիպված են դա անել զգուշորեն, մասնավորապես՝ զինվորական ծառայության ժամանակ:
Իրավապաշտպանները շարունակել են մտահոգություն հայտնել դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելն ազգային ինքնությանը հավասարեցնող Հայ առաքելական եկեղեցու ուսուցման տարածման հետ կառավարության դիրքորոշման համընկնման առնչությամբ: Կրոնական փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների համաձայն՝ ազգային ինքնությունը Հայ առաքելական եկեղեցուն պատկանելության հավասարեցնելու մասին իշխանության պնդումները շարունակել են պետական և սոցիալական խտրականություն բորբոքել կրոնական կազմակերպությունների դեմ:
Զեկույցում նշվում է, որ ի տարբերություն 2016 թվականի՝ «Եհովայի վկաները» չեն հայտնել իրենց անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին, նվազել են նաև ոչ ֆիզիկական բռնության դեպքերը՝ 17-ից հասնելով 10-ի: «Եհովայի վկաներն» այդ ցուցանիշը վերագրել են ոստիկանական գործողություններին:
Քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների և ՀԿ-ների համաձայն՝ նախորդ տարիների համեմատ շարունակել է բարելավվել լրատվամիջոցներում մթնոլորտը նրանց նկատմամբ՝ դառնալով ավելի հավասարակշռված և հավաստի, այնուամենայնիվ, «Եհովայի վկաները» հաղորդել են լրատվամիջոցներում բացասական հրապարակումների մի քանի դեպքի մասին:










