ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Վարդգես Գևորգյանը կմնա կալանքի տակ. դատավորը մերժեց միջնորդությունը (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Դատարանն այսօր բավարարել է ամբաստանյալներ Խաչատուր Գիչյանի և Մանվել Աթոյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ միջնորդությունները։
Խաչատուր Գիչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մանվել Աթոյանն կալանավորումից ազատ արձակվեց 1մլն դրամ գրավի դիմաց։
Այնուհետև Վարդգես Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը դատարանին միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը, խափանման միջոց ընտրել ստորագրություն չհառանալու մասին՝ նշելով, որ իր պաշտպանյալը չի խուսափի, չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից։ Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը։
Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդությանը՝ նշելով, որ նա, լինելով զինվորական, լքել է ծառայության վայրը՝ իր հետ վերցնելով նաև զենք։
Դատական նիստն ընդմիջվեց, իսկ ընդմիջմանը պաշտպանը պարզաբանեց, որ Վարդգես Գևորգյանը չի լքել ծառայության վայրը, նա կապ է հաստատել ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանի հետ և ասել, որ ցանկանում է միանալ իրենց, սակայն չի հասցրել միանալ։
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը մերժեց։
Նշենք, որ շաբաթ առաջ կալանքից 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել նաև գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանը։
Սույն գործով չորս հոգի՝ Եղնուկյանը, Գիչյանը,Գևորգյանն ու Աթոյանը չեն եղել ՊՊԾ գնդում, նրանց ցանկացել են միանալ, օժանդակել են և այլ գործողություններ են կատարել ըստ իրենց առաջադրված մեղադրանքների։
Նշենք, որ Վարդգես Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի և 365-րդ հոդվածների 1-ին մասերով:










