Նյու Յորքում տեղի է ունեցել Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը
ԱՄՆ Կոլումբիայի համալսարանում կայացել է հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի այս տարվա դափնեկիրների պարգևատրման արարողությունը, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում:
Մրցանակի դափնեկիրների անունները հայտնի էին դարձել դեռևս ապրիլին, սակայն, ըստ ավանդույթի, պարգևատրման արարողությունը կայացել է մայիսի վերջին:
Ըստ այդմ՝ գլխավոր մրցանակը` «Հասարակությանը ծառայելու համար» պուլիտցերյան ոսկե մեդալը, ստացել են New York Times և New Yorker պարբերականները՝ հոլիվուդյան ազդեցիկ կինոպրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի իրականացրած սեռական բռնությունների ու ոտնձգությունների թեմայով հետաքննության համար:
Մինչդեռ Washington Post-ն ու New York Times-ը մրցանակի են արժանացել 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին ռուսական կողմի ենթադրյալ միջամտության թեմայի լուսաբանման համար:
Հետաքրքրական է, որ դափնեկիրների շարքում է եղել նաև ռեփեր Քենդրիկ Լամարը, որը մրցանակ է ստացել DAMN ալբոմի համար: Ինչ վերաբերում է գրականության ոլորտում իրենց նվաճումների համար պարգևատրվածներին, ապա նրանք են Մարտինա Մայոկը («Կյանքի գինը») և Էնդրյու Շոն Գրիրը («Լեսս»):
Պուլիտցերյան մրցանակը (Pulitzer Prize) սահմանվել է 1903թ. օգոստոսին: Այն համարվում է ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը՝ գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի բնագավառներում:










