Ռոման Աբրամովիչը հետ է կանչել բրիտանական վիզա ստանալու դիմումը. The Sun
ՌԴ հայտնի գործարար Ռոման Աբրամովիչը հետ է կանչել Մեծ Բրիտանիայի «ներդրումային» վիզայի երկարաձգման դիմումը: Այդ մասին հայտնում է բրիտանական The Sun-ը՝ վկայակոչելով ձեռնարկատիրոջ շրջապատին մոտ անձանց:
Թերթի տվյալներով՝ գործարարին այլևս հարկավոր չէ բրիտանական վիզան՝ Իսրայելի քաղաքացիություն ստանալուց հետո, որն իրեն իրավունք է տալիս մինչև 6 ամիս գտնվել Միացյալ Թագավորության տարածքում:
Մայիսի կեսերին բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ բրիտանական վիզայի երկարաձգման գործընթացը, որի համար դիմել էր Աբրամովիչը, ձգձգվել է անհայտ պատճառներով:
Այս երկուշաբթի գործարարը ժամանել է Իսրայել և անցել է քաղաքացիություն ստանալու գործընթացը:
Հիշեցնենք, որ Աբրամովիչն ուներ «ներդրումային» վիզա, որը տալիս են բրիտանական տնտեսության մեջ 2 մլն ֆունտ սթերլինգից սկսած ներդրում անելու դեպքում։ Այս վիզան տրամադրվում է 3 տարի, 4 ամսով և կարելի է երկարաձգել։ Աբրամովիչի վիզայի ժամկետը լրացել է ապրիլին։ Օրերս օլիգարխին մոտ աղբյուրները հայտնել էին, որ գործարարին նոր վիզա չեն տրամադրել։ Նա չի կարողացել ներկա գտնվել Անգլիայի գավաթի եզրափակիչ փուլին, որում պետք է հանդես գար նրան պատկանող «Չելսի» ֆուտբոլային ակումբը։










