Գերմանիայում կենդանաբանական այգուց փախուստի են դիմել արջը, ընձառյուծը, վագրերն ու առյուծները

17:16 • 01.06.18

Գերմանական Լյունեբախ քաղաքի կենդանաբանական այգուց փախուստի է դիմել մի քանի վայրի կենդանի՝ այդ թվում մեկ արջ, ընձառյուծ, երկուական վագր ու առյուծ, որոնք մի քանի ժամ ազատության մեջ են մնացել:

Ինչպես հայտնում է thelocal.de-ն, գիշատիչների փախուստից հետո սկսվել են լայնամասշտաբ որոնողական աշխատանքներ, որոնք, ի վերջո, պսակվել են հաջողությամբ:

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ որսորդները ստիպված են եղել կրակել ու սպանել արջին: Ինչ վերաբերում է կատվազգիներին, ապա դրանք հայտնաբերվել են կենդանաբանական այգու տարածքից ոչ հեռու՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:

Հայտնի է, որ քանի դեռ կենդանիները եղել են ազատության մեջ, բնակիչներին խորհուրդ է տրվել տնից դուրս չգալ, դռներն ու պատուհանները փակ պահել: