Կիմ Չեն Ընը Ռուսաստանին բողոքել է ԱՄՆ-ի հեգեմոնիզմից
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Փհենյանում կայացած հանդիպման ժամանակ բողոքել է Միացյալ Նահանգների հեգեմոնիզմից:
Ինչպես նշում է The Guardian-ը, բողոքը հնչել է ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի բարդ փոխհարաբերությունների ամենավճռական փուլում, երբ կողմերը փորձում են պատմական հանդիպում կազմակերպել Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի միջև:
«Քանի որ մենք փորձում ենք հարմարվել տիրող քաղաքական իրավիճակին՝ ի դեմս ԱՄՆ-ի հեգեմոնիզմի, ես կցանկանայի ամենայն մանրամասնությամբ ձեր ղեկավարության հետ փոխանակվել կարծիքներով և ապագայում ավելի սերտ համագործակցել»,-Լավրովին ասել է Կիմ Չեն Ընը:
Հայտնի է, որ հանդիպման ժամանակ հյուսիսկորեացի առաջնորդն ասել է, որ ցանկանում է նոր թափ հաղորդել Ռուսաստանի հետ համագործակցությանը:
Աղբյուրը նշում է, որ վերջին շրջանում Կիմ Չեն Ընը սկսել է ավելի զուսպ արտահայտվել Միացյալ Նահանգների մասին, քանի որ ի հայտ է եկել հարաբերությունները կարգավորելու հեռանկար:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ վերջին մի քանի օրվա ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման նախապատրաստական աշխատանքներում:










