Իտալիայի եվրոսկեպտիկ կոալիցիան 3 ամիս անց կառավարություն է ձևավորել
Իտալիայի եվրոսկեպտիկ կոալիցիային հաջողվել է նոր կառավարություն ձևավորել, ինչի շնորհիվ երկրում վերջ կդրվի տևական ժամանակ շարունակվող քաղաքական խառնաշփոթին:
Ինչպես նշում է Russia Today-ը, կառավարությունը կգլխավորի Ջուզեպե Կոնտին:
«Կառավարության ձևավորման համար «Հինգ աստղ» շարժման ու «Լիգա» կուսակցության բոլոր նախապայմաններն իրագործվել են»,-ասվում է երկու կուսակցությունների համատեղ հայտարարությունում:
Հայտնի է, որ մարտին կայացած խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունները միասին հավաքել են ձայների կեսից ավելին, սակայն մոտ երեք ամիս չէին կարողանում կառավարություն ձևավորել:
Նշվում է, որ նոր վարչապետի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 1-ին:
Հատկանշական է, որ ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի ակադեմիկոս Ջովանի Տրիան, որը հայտնի եվրոսկեպտիկ է: Ի դեպ, նոր կաբինետի որոշ անդամներ առանձնանում են Եվրամիության դեմ դիրքորոշումներով:
Նշվում է, որ ԵՄ որոշ պաշտոնյաների համար անընդունելի է նման քաղաքական հայացքներով կաբինետի ձևավորումը:










